Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան աջակցություն է հայտնել վարչապետ Դոնալդ Տուսկին՝ երկրի Սահմանադրական տրիբունալի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, հաղորդում է RMF 24-ը։

Վալենսան ժողովրդավարության համար պայքարի իր նախկին զինակիցներին կոչ է արել աջակցել իրենց համատեղ ջանքերին։

«Պարոն վարչապետ Տուսկ, մենք ընտրություն չունենք։ Հայրենիքը վտանգի մեջ է։ Ես ձեր կողքին եմ՝ առաջին շարքերում՝ անկախ հանգամանքներից։ Համատեղ պայքարի իմ ընկերներին կոչ եմ անում աջակցել մեր ձգտումներին», — գրել է Վալենսան սոցիալական ցանցերում։

Հայտարարությունը հնչել է Վարշավայում՝ Սահմանադրական տրիբունալում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Ուրբաթ երեկոյան շենքի մոտ են ժամանել ոստիկանության և Պետական պահպանության ծառայության աշխատակիցները։ Դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկան հայտարարել է տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկու և նրա տեղակալ Բարտոշ Սոխանսկու պաշտոնեական լիազորությունները մեկ ամսով կասեցնելու մասին։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է իր սենեգալյան այցը և վերադարձել երկիր։ Կեսգիշերից հետո նա ժամանել է տրիբունալի շենք՝ Գերագույն դատարանի առաջին նախագահ Զբիգնև Կապինսկու ուղեկցությամբ։ Մուտքի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել։ Առավոտյան ժամը հինգի սահմաններում նախագահը լքել է շենքը, սակայն շենքի մոտ հավաքված մարդիկ շարունակել են ակցիան։ Մասնակիցներից ոմանք ծնկի էին իջել ու աղոթում էին։

Տրիբունալի ժամանակավոր ղեկավարումը ստանձնելու իր որոշումը Կորվին-Պյոտրովսկան հիմնավորել է նրանով, որ դատավորների շրջանում ունի ամենաերկար աշխատանքային ստաժը։ Հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է Տուսկի կառավարության և նախագահ Նավրոցկու կողմնակիցների միջև դիմակայության հերթական դրվագը։