Ռուսաստանը ծրագրում է առաջիկայում զբոսանավային հաղորդակցություն գործարկել Մոսկվայի և Բաքվի միջև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լյուքս դասի զբոսանավով ճանապարհորդության տևողությունը կկազմի մոտ 14 օր՝ յուրաքանչյուր ուղղությամբ յոթական օր, հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ադամ Խակիմովը։
«Առաջիկայում մենք նախատեսում ենք գործարկել Մոսկվա-Բաքու զբոսանավը»,- ասել է Խակիմովը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ նախագիծն իրականացվում է պետական աջակցությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության սուբսիդիաների հաշվին։
«Ներկայումս մեկ նավն արդեն ամբողջությամբ պատրաստ է, ևս երկուսը կառուցման ավարտական փուլում են։ Հաջողության դեպքում հուսով ենք, որ այդ երկուսը ևս կնավարկեն դեպի Բաքու»,- նշել է առևտրային ներկայացուցիչը։
Այսպիսով, առաջին փուլում նախատեսվում է շահագործել մեկ զբոսանավ, իսկ երթուղու հաջող գործարկման դեպքում դրան կարող են միանալ ևս երկու նավ։ Զբոսանավային երթերի մեկնարկի հստակ ամսաթիվն առայժմ չի նշվում։




























