Եվրասիական տնտեսական ընկերակցություն հիմնելու իրական իմաստն այնքան էլ հասկանալի չէր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով մինչեւ 2015 թվականը Եվրասիական միություն ստեղծելու հեռանկարին:

Նրա համոզմամբ՝ ցանկացած միություն չի կարող հեռանկար ունենալ առանց դրանում Ուկրաինայի մասնակցության: «Կարծում եմ, որ նմանատիպ միությունների ստեղծումը մի փոքր տեսիլք է: Դա տեսլիք է մասնավորապես Եվրամիության ընդլայնման, «Արեւելյան գործընկերության», Ասոցացման համագործակցության եւ այլնի շուրջ խոսակցությունների շարքում»,-ասաց Սկակովը: Հարցին, թե մինչեւ 2015 թվականը ո՞ր երկրները կանդամակցեն Եվրասիական տնտեսական միությանը, քաղաքագետը պատասխանեց, որ դրանք կլինեն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը:

Նշենք, որ Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով կայացած բարձրագույն նիստի ավարտին Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը լրագրողներին հայտնել էր, որ ԵվրԱզԷՍ կառույցը 2015թ. հունվարի 1-ից վերջնականապես կդադարեցնի գոյությունը:

 «Եվրասիական տնտեսական միության եւ ԵվրԱզԷՍ-ի հարցով վերջնական պայմանավորվել ենք, որ ԵվրԱզԷՍ-ի բոլոր կառույցները կներառվեն Եվրասիական տնտեսական միությունում եւ այդպիսով ԵվրԱզԷՍ կառույցը 2015թ. հունվարի 1-ից վերջնականապես կդադարեցնի գոյությունը», - ասել էր նա ու հավելել. «Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները պայմանավորվել են, որ բոլոր չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի շուկաները, Եվրասիական տնտեսական միության տարածքում 2015թ.-ից գործելու են լիարժեք եւ առանց վերապահումների: Դա այսօր կայացված ամենակարեւոր որոշումն է»:

Դեռ հայտնի չէ, թե քանի պետություններ են ընդգրկվելու նոր կառույցում: