Մինսկում կայացած նիստի ընթացքում ԱՊՀ կառավարությունների ղեկավարները պաշտոնական վիճակագրության, շրջակա միջավայրի պահպանման, ԱՊՀ անդամ երկրների սահմանամերձ հատվածներում բնական հրդեհների մարման եւ պրոֆիլակտիկայի ոլորտում համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել: Կողմերը նաեւ պայմանավորվել են բարձրագույն/բարձրագույն մասնագիտական կրթության փաստաթղթերն ընդունելու մասին, գրում է «Ինտերֆաքս-Զապադը»:

ԱՊՀ երկրների վարչապետները ստորագրել են նաեւ ԱՊՀ անդամ պետությունների միջպետական հարաբերությունների համակարգման համաձայնագիր՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում, ինչպես նաեւ Խաղաղ պայմաններում ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու արձանագրություն, հաղորդում է «Բիզնես ՏԱՍՍ»-ը: 

Քննարկվել են նաեւ տնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի ընդլայնման եւ խորացման, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացման  հարցեր: Նիստի ավարտին ստորագրվել է 30 համաձայնագիր:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել են Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի կառավարական պատվիրակությունների ղեկավարները: