Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը համատեղ հայտարարություն են տարածել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ բանակցային գործընթացն արագացնելու վերաբերյալ: Ճապոնիան արդեն պատրաստակամությունն է հայտնել Հնդկաստանին ատոմային ռեակտորներ տրամադրել, հաղորդում է The Hindu-ն:

Ճապոնիայի վարչապետը իր հնդիկ գործընկերոջն առաջարկել է համատեղ նոր սերնդի օդանավեր արտադրել, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Հանդես գալով Տոկիոյում համատեղ ասուլիսում, Սինձո Աբեն կողմ է արտահայտվել գլոբալ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը:

Կողմերը նաեւ պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տնտեսական ոլորտում: Պայմանավորվածության համաձայն, Ճապոնիան Հնդկաստանին 71 մլրդ իեն (շուրջ 700 մլն դոլար) դոլարի վարկ կտրամադրի Մումբաի քաղաքում մետրոյի շինարարության համար: