Ամերիկայի հայ ազգային կոմիտեի կառավարական հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը ԱՄՆ առեւտրային քաղաքականության հարցերով կոմիտեի նիստում երկրի կառավարությանը կոչ է արել ցանկացած նոր տրանսատլանտյան առեւտրային նախաձեռնություններում Թուրքիայի մասնակցությունը պայմանավորել Հայաստանի շրջափակման եւ Կիպրոսի օկուպացիայի անհապաղ դադարեցմամբ:
Նահապատյանը հանդես է եկել հանրային լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել են տրանսատլանտյան առեւտրի եւ ներդրումների ոլորտում առաջարկվող գործընկերության վերաբերյալ. «Թուրքիայի շրջափակումը դեպի ծով ելք չունեցող երկրների նկատմամբ շարունակվում է արդեն երկու տասնամյակ փակում է կարեւոր Արեւելք-Արեւմուտք առեւտրային ուղին: Այդ շրջափակումը ավելի մեծ բողոք է առաջացնում, քանի որ Թուրքիային տնտեսական ագրեսիայի այս ակտն ուղված է այն նույն հայ ժողովրդի դեմ, որի նկատմամբ Թուրքիայի նախորդը` Օսմանյան կայսրությունը Ցեղասպանություն էր իրականացրել»,-ասել է Նահապետյանը:
Նա անդրադարձել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի` հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններն ընդլայնելու աջակցությանը` հատուկ շեշտադրելով երկկողմ առեւտրի առավելությունը, որը կարող է իրականացվել կրկնակի հարկումից խուսափելու մասին հայ-ամերիկյան համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների անցկացման միջոցով:



























