Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հաստատել է  Բրիտանիայի հպատակի մահվան լուրը, որը կռվում էր սիրիական ընդդիմության գրոհայինների շարքերում:

 «Մեր ունեցած տվյալներով՝ Սիրիայում իրոք բրիտանացի է սպանվել: Զոհվածի հարազատներն արդեն տեղեկացել են կատարվածի մասին», - գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բրիտանական ITV հեռուստաալիքի ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ Սիրրիայում սպանվել է 22-ամյա Ալի ալ Մանասֆին, որը մինչեւ վերջերս Լոնդոնում էր բնակվում: Մոտ չորս ամիս առաջ երիտասարդն անհետացել էր տնից, ինչի վերաբերյալ ընտանիքը դիմում էր ներկայացրել ոստիկանություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

NEWS.am-ը  հայտնել էր, որ մայիսի 31-ի գիշերը Իդլիբ նահանգում ընդդիմադիրների շարքերում կռվող երեք արտասահմանցիների են սպանել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հպատակի եւ ԱՄՆ քաղաքացուհու: Վերջինս, ՀԴԲ-ի տվյալով, 33-ամյա Նիկոլ Մենսֆիլդն էր՝ Միչիգան նահանգից, որը, սիրահարվելով արաբ ներգաղթյալի, տեղափոխվել էր Սիրիա: Զոհվածի հարազատների կարծիքով՝ Նիկոլի «խելքը կերել էին»: