Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ձեռնարկատեր Զիյադ Թաքիեդդինին, որը ներգրավված է 2007թ. Լիբիայից Նիկոլա Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման գործում:

AFP-ն սեփական աղբյուրներին վկայակոչելով հայտնում է, որ գործարարին նոր մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ մեքենայության եւ օտարերկրյա պետությունների պաշտոնյաներին կաշառելու:

2012թ. ապրիլին Թաքիեդդինին  փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել:

Ձեռնարկատերը ձերբակալվել է մայիսի 30-ի առավոտյան, երբ ոստիկաններին հայտնի է դարձել, որ նա Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական անձնագրով պատրաստվում է լքել Ֆրանսիան, հայտնում է korrespondent.net-ը:

Հիշեցնենք, 2012թ. գարնանը ֆրանսիական Mediapart հրատարակչությունը փաստաթղթեր էր հրապարակել, որոնցում նշված էր, որ լիբիական վարչակարգը 50 մլն եվրո էր հատկացրել Նիկոլա Սարկոզիի քարոզարշավի կարիքների համար: Ֆինանսավորման բանակցություններն ընթացել էին Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի եւ լիբիական ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիյադ Թաքիեդդինիի միջեւ:

Սարկոզին դատի էր տվել Mediapart-ին՝ հրապարակված տեղեկությունները «մեծագույն կեղծիք» անվանելով: