ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով փորձագետ Քրիստոֆ Հայնսը Ժնեւում տեղի ունեցած ՄԱԿ-ի խորհրդաժողովի ընթացքում հանդես գալով զեկույցով` կոչ է արել աշխարհի գերտերություններին դադարեցնել ավտոնոմ «ռոբոտ-մարդասպանների» արտադրությունը: Huffington Post-ը տեղեկացնում է, որ փորձագետի խոսքով` դա պետք է արվի անհապաղ, քանի դեռ ուշ չէ:

Մասնագետի անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ ռոբոտներն ունակ չեն զինվորականներին խաղաղ բնակիչներից տարբերելու, եւ քանի դեռ ավտոնոմ մարտական ռոբոտները «միջազգային հումանիտար չափանիշներին համապատասխան» ծրագրավորված չեն, նրանց արտադրությունը պետք է կանգնեցնել:

Փորձագետը մտահոգություն հայտնեց, որ «ռոբոտ-մարդասպանների» կիրառության հետեւանքով մարդը կսկսի ավելի քիչ պատասխանատվություն կրել իր արարքների համար, ինչն էլ «անմտածված պատերազմների» կամ «մեխանիկական սպանդի» պատճառ կդառնա: Մարդիկ, ի տարբերություն ռոբոտների, կարող են հանգամանքներից կախված համապատասխան որոշում կայացնել եւ կարեկցանք ցուցաբերելով` չսպանել զենքերը վայր դրած կամ վիրավոր զինվորին. Հայնսի խոսքերն է մեջբերում BBC-ն:

 Հիշեցնենք, որ ավտոնոմ մարտական ռոբոտներ են արտադրվում ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Իսրայելում, Հարավային Կորեայում եւ Մեծ Բրիտանիայում: