Ջալալ Աբադում մարզպետարանի շենքի գրավման փաստի առթիվ շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Հանրապետության գլխավոր դատախազությանը:
Քրեական գործ է հարուցվել «իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր» եւ «իշխանության բռնազավթում» հոդվածներով: Գործի քննությունը վարում են պետական անվտանգության մարմինները:
Հիշեցնենք, որ Ղրղըզստանի հյուսիսի ոսկու խոշորագույն «Կումտոր» հանքավայրում սկսված անկարգությունները հասել էին երկրի մյուս շրջաններ: Հարավում՝ Ջալալ Աբադ քաղաքում, հյուսիսցիներին աջակցող ցույցի մասնակիցները մայիսի 31-ին զավթել էին մարզպետարանի շենքը: Ջալալ Աբադի ցույցի մասնակիցները սատարել են հյուսիսի ցուցարարներին, ինչպես նաեւ «Աթա Ժուրթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներին ազատելու պահանջներ են ներկայացրել, նաեւ՝ նախագահին ու վարչապետին հրաժարականի կոչ են արել:
Մայիսի 30-ին անկարգություններ էին սկսվել Ղրղըզստանի ամենախոշոր «Կումտոր» ոսկու հանքում: Ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել էր քսան մարդ, նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը արտակարգ դրություն էր հայտարարել: Ղրղըզստանի վարչապետ Ժանտորո Սաթիբալդիեւը հունիսի 1-ին այցելել է «Կումտոր»: Նրա այցի ժամանակ հայտնի էր դարձել մարզի ղեկավարության փոփոխության մասին:




























