Ղրղըզստանի վարչապետ Ժանտորո Սաթիբալդիեւը Սարուու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ «Կումտոր» ոսկու հանքը կվերցնեն Centerra կանադական ընկերությունից, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այժմ ձեռնարկությանն է պատկանում հանքավայրի 100%-ը, իսկ երկրի իշխանություններին՝ Centerra-ի միայն 33%-ը: Ըստ Սաթիբալդիեւի՝ հանքարդյունահանումը պետք է իրականացնի հանրապետությունում գրանցված ընկերությունը: Վարչապետը նշել է, որ այդպիսով կաճեն հարկային եկամուտները:
«Առաջիկայում Kumtor Operating Company եւ Kumtor Gold Company ընկերությունների հ կստեղծվի մեկ ձեռնարկություն, որը կզբաղվի հանքավայրի հետագա շահագործմամբ», - հավելել է Սաթիբալդիեւը:
Կանադական ներդրողի հետ պայմանագրի խզումը եւ հանքի ազգայնացումը բողոքի ցույցի մասնակիցների հիմնական պահանջն էր: Մարդիկ պահանջում են, որպեսզի Միջին Ասիայում ոսկու ամենախոշոր հանքավայրի եկամտի կեսը տեղի բնակիչների կարիքների բավարարմանը ծառայի: Անկարգությունների պատճառով երկրի իշխանությունները փոխել են Իսսիկ-Կուլի մարզի ղեկավարությանը: Նոր մարզպետ է դարձել հատուկ ծառայությունների գեներալ Թոկոն Մամիտովը:
Հիշեցնենք, որ այսօր Ղրղըզստանի կառավարության ղեկավարն այցելել է անհանգիստ շրջան: «Կաբարը» հայտնում է, որ տեղի բնակիչների հետ հանդիպման արդյունքում վճռվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում տեղի իշխանությունները ՂՀ-ի կառավարության հետ համատեղ կմշակեն Իսսիկ-Կուլի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առաջնային միջոցառումների ծրագիր: Բնակիչները խոստացել են այլեւս չդադարեցնել «Տամգա» հենակետի աշխատանքը եւ չփակել հանք տանող ճանապարհը:




























