Գլխավոր դատախազությանը հասցեագրված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումն ուղարկվել է ոստիկանություն` ստուգման նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի օգնական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ Փայլակ Հայրապետյանի կողմից բարձրացված հարցադրումների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ եւ կատարվում էր նախաքննության, հենց այդ գործի շրջանակներում վարչապետի բարձրացված հարցադրումները ստուգելու նպատակով այն ուղարկվել է ոստիկանություն:
Իսկ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստացել են դիմումը:
Նշենք, որ վարչապետը դիմում է ներկայացրել «Hetq.am»-ի հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի առնչությամբ` խնդրելով ուսումնասիրել եւ քննության առնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, միաժամանակ հայտնելով, որ երբեւէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւէ մեկին երբեւէ իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել:
Նշենք, որ hetq.am-ը գրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (տես ներքեւում): Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:




























