Որեւէ մեկի համար դժվարություն չի՝ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը: Դա օֆշորային գոտու առանձնահատկությունն է: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխան ելույթ ունենալով ընդդիմադիրների մեղադրանքներից հետո:

Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի հայեցակարգը ներդրվել է իր անմիջական մասնացությամբ, եւ ինքը պատկերացում ունի փողերի լվացման սխեմաների մասին:

«Իմ անունով ստեղծել են ձեռնարկություն, նպատակ ունենալով ստեղծել  մի սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն… Ավելի անհեթեթ սխեմա մշակել այդ ոլորտից շատ թե քիչ ծանոթ մարդու մտքով անգամ չէր կարող անցնել…Ես օֆշորում որեւէ ձեռնարկություն չեմ գրանցել եւ որեւէ մեկին չեմ լիազորել գրանցել»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նա նաեւ հավելեց, որ այն օրը, երբ գրանցվել է օֆշորը (2010 թ. մայիսի 6), ինքը պաշտոնական այցով գտնվել է Պրագայում:

Ըստ Տ. Սարգսյանի՝ այս ողջ պատմությունն իրեն վարկաբեկելու փորձ է: «Հանգիստ եմ վերաբերում այդ փորձերին, սա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է: Երբ ԿԲ նախագահ էի՝ ինձ մեղադրում էին, որ բանկերը սնանկացնում եմ, որ դառնամ փայատեր: Հետո մեղադրում էին, որ Միջերկրծովյան ափին առանձնատուն ունեմ… հետո ասում են, որ Նաիրիտ գործարանի սեփականատերն եմ»,- նշեց Տ. Սարգսյանը: