Հարկավոր է ստեղծել օֆշորային գոտում Տիգրան Սարգսյանի անվամբ ստեղծված ընկերության հարցը քննարկող խորհրդարանական հանձնաժողով: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հարց ուղղելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա նաեւ հարցրեց, թե ինչու են 350 հազ. դոլար փոխանցել այն հաշվին, որը գրանցված է Տ. Սարգսյանի անվամբ, եթե միայն վարկաբեկման նպատակ են ունեցել:
Տ. Սարգսյանը չընդունեց խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, ասելով. «Լրատվամիջոցներն այնքան հնարամիտ են, որ եթե ընդունենք ձեր առաջարկը, գիշեր-ցերեկ պետք է զբաղվեք հետաքննությամբ: Ուղղակի ժամանակ չեք ունենա, ուրիշ ոչնչով չեք կարողանա զբաղվել»:
Տ. Սարգսյանը նշեց, որ «Ամերիաբանկը» հենց այնպես չէր կարող 10 մլն դոլարի վարկ տրամադրել՝ առանց ռիսկերը գնահատելու: Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ հակաճգնաժամային ծրագրեր են քննարկվել կառավարությունում, որից հետո դրանք ուղարկվել են բանկերին՝ վարկավորման նպատակով, սակայն բանկերն ինքնուրույն են որոշում ընդունել՝ վարկավորե՞լ, թե՞ ոչ:



























