Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ներկայացուցիչները Իտալիայում մասնակցում են IQ in EVS գործընկերության հաստատման սեմինարին:
Հունիսի 14-22-ին Իտալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Թուրքիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 40 ներկայացուցիչ մասնակցում է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակում իրականացվող գործընկերության հաստատման սեմինարին:
Ծրագրի ընթացքում Հայաստանից հրավիրված փորձագետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է եվրոպական կամավորական շարժման նպատակներն ու խնդիրները, Եվրամիության երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններն ու ծրագրերի իրականացման մեխանիզմները:
18-30 տարեկան երիտասարդները Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրերից օգտվելով կարող են եվրոպական տարբեր երկրներում իրականացնել կարճաժամկետ եւ երկարաժամկետ կամավորական ծառայություններ, որոնք, միաժամանակ, հնարավորություն են տալիս ծանոթանալ տվյալ երկիր մշակութային ժառանգությանը, ավանդույթներին, սովորել լեզուն, ձեռք բերել փորձառություն: Եվրոպական կամավորական ծառայության կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդը սովորի ապրել ինքնուրույն, հաղթահարի դժվարություններն ու խոչընդոտները, կյանքի փորձ ձեռք բերի: Երիտասարադական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է եւ լիիրավ օգտվում է իրականացվող երիտասարդական ծրագրերից:
Երիտասարդական ակումբների դաշնությունը 2006 թվականից իրականացնում է EVS ծրագրեր` 100-ից ավելի հայ երիտասարդի հնարավորություն տալով մինչեւ մեկ տարի ժամկետով հյուրընկալվելու եվրոպական տարբեր երկրներում:




























