ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը քրեական գործ է հարուցել ԿՀՎ-ի նախկին աշխտաից, սկանդալային բացահայտումների հեղինակ Էդվարդ Սնոուդենի նկատմամբ: ԿՀՎ-ի եւ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի նախկին վերլուծաբանին մեղադրել են նաեւ լրտեսության,  պետական գույքի յուրացման, պաշտպանական բնույթի գաղտնի տեղեկության միտումնավոր բացահայտման մեջ:

Փաստաթղթերից նաեւ հետեւում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Սնոուդենին նախնական կալանքի ծանուցում են հանձնել, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ տեղի օրենքների` հայց ներկայացնելուց հետո 60 օրվա ընթացքում դատախազները պետք է մեղադրական արձանագրություն կազմեն, որի հիման վրա Սնոուդենին արտահանձնելու են ԱՄՆ-ին: Հայցը ներկայացվել է հունիսի 14-ին: Այժմ Սնոուդենը Հոնկոնգում է եւ մտադիր է դատարանով բողոքարկել  իր արտահանձման վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների պահանջը, գրում է Life News-ը:

ՆՏՎ-ն, վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ իսլանդացի գործարար Օլաֆուր Վիգնիր Սիգուրվինսոնը մտածել է, թե ինչպես  դուրս բերել Սնոուդենին Հոնկոնգից:  Նա առաջարկում է Հոնկոնգից ԿՀՎ-ի նախկին աշխատակցին օդանավով դուրս բերել: Ձեռնարկատերը կապեր ունի WikiLeaks-ի հիմնադրի հետ եւ նա  իրավունք ունի ինչպես Հոնկոնգի, այնպես էլ Չինաստանի օդանավերի նկատմամբ, որոնցից կարող է օգտվել Սնոուդենը:

Սնոուդենը Հոնկոնգ էր փախել մայիսին, երբ տեղեկություն էր  հրապարակել համացանցում գաղտնի ծառայությունների գաղտնալսումների մասին: Հայտնի էր դարձել, որ   ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել էին միլիոնավոր հեռախոսներ եւ հասանելիություն ունեցել համացանցային խոշոր ընկերությունների սերվերներին: