Ճշտվել է Պակիստանում սպանված 10 արտասահմանցի զբոսաշրջիկներից չորսի ինքնությունը, հայտնում է  Geo News հեռուստաալիքը` վկայակոչելով Պակիստանի ներքին գործերի նախարար Չաուդհուրի Միսար Ալի Խանի հայտարարությունը: 

Պարզվել է ՉԺՀ-ի երկու քաղաքացիների ինքնությունը` նեպալցի եւ չինական ծագմամբ ամերիկացի: ԱՄՆ-ի դեսպանատունը հաստատել էր, որ սպանվածների շարքում ամերիկացի կա: Մյուս զոհերի ազգության եւ նույնիսկ նրանց թվի մասին լրատվամիջոցներն իրարամերժ տվյալներ են հայտնում:

Հունիսի 23-ին  BBC-ն հայտնել էր, որ զոհվել են հինգ ուկրաինացի, երեք չինացի եւ  մեկ լիտվացի: Ողջ էր մնացել ՉԺՀ-ի մեկ քաղաքացի:  Հունիսի 24-ին AP-ը հայտնել էր, որ  սպանվել են երեք ուկրաինացի, Սլովակիայի երկու քաղաքացի, երկու չինացի, մեկական լիտվացի, նեպալցի եւ ամերիկացի: Միաժամանակ Պակիստանում Ուկրաինայի դեսպանը հայտնել էր, որ  հաստատվել է հինգ ուկրաինացիների մահը: Լրատվամիջոցները հայտնել էին, որ սպանվածների շարքում ռուսաստանցի կա: Իսլամաբադում Ռուսաստանի դեսպանությունը  չի հաստատել եւ չի հերքել այդ տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 
Rbc-ն հայտնում է, որ Պակիստանում գտնվող ռուսաստանցի լեռնագնացները դիմել էին Ռուսաստան` իրենց տարհանելու խնդրանքով:
Ըստ Ռուսաստանի լեռնագնացների  ֆեդերացիայի` զոհվածների եւ տուժածների շարքում ռուսաստանցիներ չկան: Հայտնի է դարձել, որ Պակիստանի լեռներում ներկայումս 10 ռուսաստանցի կա: 

Ողբերգությունը տեղի էր ունեցել հունիսի 23-ին` տեղի ժամանակով 00.30-ին, Ֆեյրի Միդոուզ լեռնային հանգստյան գոտում: 

Պակիստանում գրոհայիններն օտարեկրացի զբոսաշրջիկների են սպանել

 Սկզբում հաղորդել էին, որ իրավապահ մարմինների համազգեստով 10-12 մարդ  ներխուժել էին հյուրանոց եւ սպանել օտարերկրացի զբոսաշրջիկների: Այնուհետեւ Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Լակոմովը հայտնել էր, որ  ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե հյուրանոցում, այլ Նանգապարբաթ լեռան ստորոտի վրանային ճամբարում: Տեղական  Dardistan Times թերթը նույնպես գրում է, որ  սպանությունը տեղի է ունեցել հանգստավայրին կից Բոնիեր հարթավայրում: 

Պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիկ ի թալիբան Պակիստան» շարժումը: