Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն Հանոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարող տեղեկություններ տրամադրել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գտնվելու վայրի մասին:
Էկվադորի կառավարությունը դիտարկում է Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցը: Ինչպես ԱԳ նախարարն է հաղորդել, ներկայումս հարցը քննարկվում է Ռուսաստանի հետ: «Մենք այս հարցի առնչությամբ կապի մեջ ենք ՌԴ կառավարության հետ: Սակայն նրա գտնվելու մասին տեղեկություններ չենք կարող տրամադրել, քանի որ չունենք»,-հաղորդել է Պատինյոն, փոխանցում է BFM.RU-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում Էկվադորի դեսպանը հանդիպել է Էդվարդ Սնոուդենին՝ վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու հարցով: Աղբյուրների հաղորդմամբ՝ Սնոուդենը Հոնկոնգից եկել է Մոսկվա, որտեղից էլ պետք է մեկներ Հավանա, սակայն օդանավում նրան չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գաղտնի տեղեկությունների տարածման համար ԿՀՎ նախկին աշխատակցին սպասվում է մինչեւ 10 տարի ազատազրկում:


























