Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության մեջ արտացոլված դիրքորոշումներին: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Հայտարարել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:
«Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանը ամբողջությամբ պաշտպանել է նաեւ համանախագահ երկրների ղեկավարների նախկին հայտարարությունները:
Նալբանդյանը նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը պաշտպանում է միայն մեկ սկզբունք, Հայաստանը մշտապես հայտարարել է երեք սկզբունքների պաշպանությամբ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշում եւ պետությունների տարածքային ամբողջականություն: Նա ընդգծել է, որ թեեւ սադրիչ հայտարարություններից ձեռնպահ մնալու վերաբերյալ մշտապես հնչող կոչերին, Բաքուն շարունակում է ռազմատենչ հռետորությունը եւ այլատյացության քարոզչությունը:
Նալբանդյանը նաեւ հավելել է, որ պատրաստվում է 2 օրից հերթական հանդիպումն անցկացնել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Առհասարակ, ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԵԽ-ն կարող է մեծ ներդրում ունենալ վստահության ամրապնդման միջոցների ապահովման հարցում: Բացի այդ, սառեցված հակամարտությունների հարցը Գերագույն քարտուղարը ներառել է Նախարարների կոմիտեի առաջնային խնդիրների ցանկում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն օգտագործելո՞ւ է Նախարարների կոմիտեում իր նախագահությունը, որպես հակամարտությունը լուծելու լավ հնարավորություն, Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը խնդիր չունի բանակցություններ վարելու եւ երկխոսություն հաստատելու հարցում: Նա հիշեցրել է, որ տասնյակ հանդիպումներ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, ինչպես նաեւ մի քանի հանդիպումներ ավելի բարձր մակարդակով:
«Խնդիրն այն է, որ կողմերից մեկը մերժում է բոլոր սկզբունքները, որոնք առաջարկվում են համանախագահների կողմից, անգամ՝ ուղղված վստահության միջոցների ամրապնդմանը»,-նկատել է Էդվարդ Նալբանդյանը




























