Եվրախորհրդի կենտրոնակայանում, այսօր՝ հունիսի 24-ին,  Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը բացել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության ստորագրման արարողությունը: Այդ արարողությանը ներկա են եղել ԵԽ գլխավոր քարտուղարը,  ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, արձանագրությունը ստորագրող շուրջ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը աջակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների իրագործման վերահսկողական մեխանիզմի կատարելագործմանը եւ 15-րդ արձանագրությունն այդ գործընթացի կարեւոր մաս է կազմում։ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ 15-րդ արձանագրությունը կստորագրվի եւ կվավերացվի ԵԽ բոլոր անդամ պետությունների կողմից, ինչը հնարավորություն կընձեռի ՄԻԵԴ-ին առավել արդյունավետ աշխատել։ 

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը եւ հույս հայտնեց, որ դրա մշակումը ավարտին կհասցվի Հայաստանի նախագահության ընթացքում։ 

Նույն օրը տեղի են ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի, ԵԽԽՎ նախագահի եւ ՄԻԵԴ նախագահի հետ։

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին քննարկվելիք հարցերին, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի եւ Քարուղարության փոխգործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հանդիպմանն անդրադարձ է արվել Երեւանում մայիսի վերջին կայացած ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերի արդյունքներին, ԵԽ Նախարարների կոմիտեի եւ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությանը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհդրի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

ԵԽ կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Եվրոպայում քաղաքական էքստրեմիզմի վերելքը. մեր պատասխանը» խորագրով քննարկմանը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Տեղական իշխանությունների կոնգրեսի նախագահ Կոնգրեսի Հերվիգ վան Շտան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուզնիկսը։ Հանդիպման մտքեր փոխոնակվեցին ս.թ. նոյմբերին կայանալիք Եվրախորհրդի «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի» նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին ՄԻԵԴ գործունեության արդյունավետությունը բարձրացել է։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը, որպես ԵԽ նախագահող երկիր, կարեւորում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային Եվրոպական միության միանալը՝ համոզված լինելով, որ դրա արդյունքում ստեղծվելիք եվրոպական միասնական իրավական դաշտն էլ ավելի կամրապնդի Եվոպայում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմը։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Սահմանադրական դատարանի,  Վենետիկի հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարեփոխումների վերաբերյալ Ինտերլակենի եւ Բրայթոնի հռչակագերի իրականացման գործընթացը։