Մարսելի  քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, հունիսի 20-ին, Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին: Արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով Մարսելում է գտնվում «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում:

Բացի այդ, նահանգապետ Միշել Վոզելը Սենատի մեդալով եւ նահանգի հուշամեդալով է պարգեւատրել Շառլ Ազնավուրին:

Գոդենը նշել է, որ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչումը վերջին անգամ շնորհվել է 1947 թվականին: Միջոցառմանը մասնակցել են հայ եւ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Արարողությանը հաջորդել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպված ճաշկերույթը:

Հրանուշ  Հակոբյանը «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» ընթացքում մասնակցել է նաեւ ֆրանսահայ մեծանուն ռեժիսոր Անրի Վերնոյի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին Վերնոյի չորս երեխաները: Հյուրերի թվում էին  Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, փոխքաղաքապետեր Դիդիե Պարակյանը, Ռոլան Բլումը եւ Դանիել Հերմանը, Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք, ֆրանսահայ  քաղաքական եւ հասարակական գործիչներ: Նրանք բարձր են գնահատել Անրի Վերնոյի ունեցած ներդրումը համաշխարհային կինեմատոգրաֆիայում: 

Անրի Վերնոյն ստեղծել է  այնպիսի գործեր, որոնք տասնյակ տարիներ գրավում են հանդիսատեսին եւ չեն կորցնում իրենց արդիականությունը: Ներկաները հույս հայտնեցին, որ այս միջոցառումը օրինակ կծառայի աշխարհի տարբեր երկրներում կայացած մեր հայրենակիցներին մեծարելու, հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու համար: