ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 24-ին, ընդունել է բանաձեւ, ըստ որի զինված հակամարտության ընթացքում սեռական ոտնձգությունը կարող է համարվել մարդկության հանդեպ հանցագործություն կամ ցեղասպանության հետ կապված գործողություն: ՄԱԿ-ի ԱԽ-ում հակամարտություններում սեռական ոտնձգությունների թեմային նվիրված հունիսի 24-ի նիստին մասնակցել ու ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը:
Դեսպանը իր ելույթում նշել է, որ հնարավոր չէ լուծել հակամարտություններում սեռական ոտնձգության խնդիրը` պարզապես մատնանշելով կամ դատապարտելով հանցագործներին: Անհրաժեշտ է իրականացնել հիմնարար փոփոխություններ ինստիտուցիոնալ եւ հասարակական մակարդակներում: Այդ հանցագործության դեմ պայքարն, ըստ դեսպանի, անհնար է առանց քաղաքական, սոցիալական ու տնտեսական բնագավառներում կանանց ամբողջական մասնակցության: Դեսպանը նաեւ հավելել է, որ կանայք պետք է մասնակից լինեն ցեղասպանության, անպատժելիության եւ անվտանգության հարցերի քննարկումներին, եթե ցանկանում են կառուցել հարատեւ խաղաղություն: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ, թեեւ հակամարտությունների ազդեցությունը մեծ է հատկապես կանանց եւ աղջիկների վրա, նրանք կարեւոր դերակատարում ունեն խաղաղաշինության գործընթացներում:
Քննարկմանը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը, մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նրա հատուկ ներկայացուցիչը Զեյմաբ Բանգուրան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց` Անժելինա Ջոլին:
Կազմակերպությունը կոչ է արել պետություններին իրենց ազգային քրեական օրենսդրության մեջ ներառել սեռական ոտնձգության հանցագործությունն ամբողջական ձեւով` այդօրինակ գործողությունը դատապարտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ արդարադատության մեջ ներառելով այդ հանցագործության վերապրողներին:




























