ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծած Էդվարդ Սնոուդենը կարող է «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտում նստալ 10 տարի, առանց անձնագրի նա «ոչ ոք» է: Այս մասին հայտնել է ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ահա Սնոուդենն այժմ օդանավակայանում է: Ո՞վ է նա: Ամերիկացի՞: Անձնագիր չկա, ո՞վ է նա առանց փաստաթղթերի: Նա կարող է տասը տարի նստած մնալ այդ սենյակում, նրան կկերակրեն: Սակայն այսօր նա ոչ ոք է», - չորեքշաբթի Պետդումայում խմբակցության կլոր սեղանի շուրջ ասել է Ժիրինովսկին:
«Շերեմետեւոյի» հյուրանոցի աշխատակիցները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Էդվարդ Սնոուդենն իսկապես որոշ ժամանակ անցկացրել է այդ հյուրանոցում, սակայն այժմ մեկնել է այնտեղից:
Ըստ հյուրանոցի աշխատակցուհու՝ Սնոուդենի հետ միաժամանակ հյուրանոցում տեղավորվել են մի քանի լրագրողներ, որոնց չի հաջողվել շփվել Սնոուդենի հետ: Իր հերթին իրազեկ մեկ այլ աղբյուր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Սնոուդենը նախկինի պես գտնվում է օդանավակայանի տարանցիկ սրահում: Սնոուդենը երկու անգամ Մոսկվա-Հավանա չվերթի տոմսեր է պատվիրել՝ հունիսի 24-ի եւ 25-ի համար, սակայն առաջին օրը նրան օդանավում չէին գտել, իսկ երկրորդ օրվա տոմսը հետ էր կանչվել չվերթից մի քանի ժամ առաջ: Հավանա հաջորդ չվերթը լինելու է հունիսի 27-ին:
Միաժամանակ, Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինիոն հայտնել է, որ Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու վճիռ կայացնելու համար կպահանջվի մի քանի ամիս: «Ասանժի դեպքում մեզ պահանջվեց երկու ամիս, այդ պատճառով էլ մի սպասեք, որ տվյալ դեպքում այդ ժամկետից ավելի արագ որոշում կկայացվի», - Պատինիոյի խոսքերը հաղորդում է AP-ը:


























