Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանը հավատարիմ է արագ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կուրսին: «Սա երրորդ դեպքն է, երբ Վրաստանում նման կարեւոր հանդիպում է տեղի ունենում, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Վրաստանի հանդեպ առկա հետեւողականությունն ու ուշադրությունը: Իսկ Վրաստանն, իր հերթին, աստիճանաբար քայլեր է կատարում եւ ձգտում է որքան հնարավոր է շուտ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,-այսօր՝ հունիսի 26-ին, հայտարարել է Իվանիշվիլին՝ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դեռեւս վաղ է խոսել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, հաղորդում է «Նովոստի Գռուզիա»-ն:

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քննարկվել է 2012-ի մայիսին Չիկագոյում կայացած Դաշինքի գագաթաժողովի ժամանակ: Միաժամանակ, եւ ՆԱՏՕ-ն, եւ ԱՄՆ-ը, վերջին տարիներին հայտարարում են, որ պատրաստ են աջակցել Վրաստանին, բայց մտադիր չեն շտապել այդ երկրի ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հարցում:

Ռասմուսենը Վրաստան է ժամանել այսօր՝ հունիսի 26-ին՝ Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության կազմում: Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսից հետո տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի նիստը:
Իվանիշվիլին նաեւ հայտնել է, որ Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում դժգոհություն է հայտնել ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիայի հետ սահմանի երկայնքով փշալարեր տեղադրելու հետ կապված: