Բրազիլիայի կոնգրեսը դեմ է քվեարկել այն օրինագծի ընդունմանը, որը նախորդ շաբաթվա վերջում երկրում բողոքի հերթական ալիքի պատճառ է հանդիսացել:

Բրազիլիայի կոնգրեսի ստորին պալատը 430-ը 9-ի դիմաց հարաբերակցությամբ դեմ է քվեարկել օրինագծին: Նախորդ շաբաթվա վերջին ավելի քան 100 բրազիլական քաղաքների 250 հազար բնակիչներ փողոցներ են դուրս եկել` մասնակցելու բողոքի ակցիաներին` ուղղված երկրի կառավարության գործունեության դեմ: Մասնավորապես, բրազիլացիները դեմ են PEC 37 անվանումը կրող օրինագծի ընդունմանը:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, PEC 37 օրինագիծը ենթադրում էր քրեական գործեր վարելու գործառույթը փոխանցել բացառապես ոստիկանությանը, ինչը կարող էր թուլացնել դաշնային դատախազների ազդեցությունը: Ցուցարարները մտահոգություն ունեն, որ դրա արդյունքում կոռումպացված պաշտոնյաները կարող էին խուսափել արդար հետաքննությունից:

Այսպիսով, Բրազիլիայի իշխանությունները որոշել են ցուցարարներին ընդառաջ գնալ: