Էստոնիայի Ռուգա հանգստյան գոտում, հունիսի 16-25-ին, կայացել է  Healthy traffic ճանապարհային անվտանգության կանոններին նվիրված միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը:  Թվով 32 երիտասարդ չորս երկրից ութական մասնակիցներով՝ Հայաստանից, Վրաստանից, էստոնիայից ու Լատվիայից, երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում ներկայացրին իրենց երկրներում ճանապարհային անվտանգության վերաբերյալ խնդիրները, մարտահրավերները:

Ծրագրին մասնակցել են հայաստանցի ութ երիտասարդներ, ովքեր Հայաստանի Երիտասարդական ակումբներ դաշնության (FYCA) կամավորներն են: 

Նրանք նախ ներկայացրել են Հայաստանում ճանապարհային պատահաների մասին վիճակագրությունը, ճանապարհային երթեւեկության վերաբերյալ կարճ ֆիլմ են ցուցադրել, նաեւ ստացել են տեղեկատվություն մասնակից  երկրների՝ ոլորտում առկա խնդիրների, հնարավորությունների եւ թեմային վերաբերող այլ հարցերի մասին:

Ծրագրի ընթացքում մասնակիցներին ոչ ֆորմալ կրթության գործիքներով  այլընտրանքային էլեկտրաէներգիայի մասին գիտելիքներ են փոխանցել:

Ռուգայում հիմնականում արեւային էներգիայով են էլեկտրականություն ստանում, այժմ էներգիա ստանալու այլ միջոցներ ստանալու ուղղությամբ են աշխատանքներ տանում, այնտեղ արդեն նաեւ էլեկտրական ավտոմեքենաներ կան, դե իսկ ճանապարհային երթեւեկության ամենասիրելի միջոցը, էստոնացիների խոսքով,  մնում է հեծանիվը:

Երիտասարդները քննարկել են նաեւ իրենց երկրներում արեւային եւ էներգիայի այլ տեսակների զարգացման հնարավորությունները, դրանց խոչընդոտող հիմնական պատճառները:

ԵԱԴ կամավորները  ներկայացրել են Հայաստանը՝ ցուցադրելով ազգային պարը, երգարվեստը, ազգային ուտեստները, տարազը, Հայաստանի տեսարժան վայրերը, ներկայացրին դրվագներ պատմական Հայաստանից:

Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Youth In Action-ի կողմից, դրամաշնորհն ստացել է Rouge Noorteklubi էստոնական կազմակերպությունը: