ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրենանը գաղտնի տեղեկությունների արտահոսքը կանխելու  ուղղությամբ ներքին քարոզչություն է սկսել:  AP գործակալության ձեռքում փաստաթուղթ է հայտնվել,  որը գաղտնի չէ, սակայն ունի «ծառայողական կիրառության համար» նշումը:

ԿՀՎ-ի աշխատակիցներին այս շաբաթ բաժանված հուշագրում Բրենանը նշում է, որ «Հետեւիր երդումիդ» (Honor the Oath) ծրագիրը պետք է «պետք է բարելավի գաղտնիքներ պահելու մեր կորպորատիվ  մշակույթը»` հատուկ կրթական ծրագրերի օգնությամբ, գրում է  «Ռոսբալտը»:

Նոր ծրագիրը սկսվել է  ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ կապված սկանդալին զուգահեռ:

Հիշեցնենք, Էդվարդ Սնոուդենը, որը ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների կողմից քաղաքացիներին լրտեսելու մասին տեղեկություններ էր հայտնել լրատվամիջոցներին, քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից։ Մայիսին նա ԱՄՆ-ից Հոնկոնգ էր մեկնել, իսկ հունիսի 23-ին թռել Մոսկվա։ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը գտնվում է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման սրահում եւ չի կարող որեւէ տեղ մեկնել, քանի որ անձնագիրն ուժը կորցրած է։