Բրազիլիա քաղաքում ցուցարարները ֆուտբոլի գնդակներով` վրան թղթե խաչեր, «գերեզմանատուն» են պատրաստել Ազգային Կոնգրեսի շենքի առջեւ` ի նշան երկրում տիրող կոռուպցիայի դեմ բողոքի:

«Խաչերը խորհրդանշում են այն 139 օրինագծերը, որոնք առնչվում էին կոռուպցիայի դեմ պայքարին, եւ որոնց ընդունումը Կոնգրեսը հետաձգել է»,-լրագրողներին է հայտնել ակցիայի կազմակերպիչ Դիեգո Արաուժուն:

Նախորդ շաբաթ բրազիլացիները Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին հիշատակի ակցիա են անցկացրել` նվիրված 500 հազար մարդկանց հիշատակին, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում սպանվել են Բրազիլիայում: Այդ ժամանակ եւս նրանք թղթե խաչեր են ամրացրել գնդակներին եւ ֆլեշմոբ կազմակերպել` միաժամանակ դրանք օդ նետելով: Դրանից հետո գնդակները նվիրել են աղքատ թաղամասերի երեխաներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Չնայած իշխանության կողմից ձեռնարկվող քայլերին, Բրազիլիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Հունիսի 26-ին Սան Պաուլուում ցույց է անցկացվել նույնասեռականությունը բուժելու եւ արտերկրյա բժիշկներ ներգրավելու օրինագծի ընդունման դեմ: Ոստիկանության հետ բախումներով է ավարտվել նաեւ Ռեսիֆիի բողոքի ակցիան: Միջադեպեր են գրանցվել նաեւ երկրի այլ քաղաքներում: