Թեքսասում 1982թ.-ից ի վեր 500-րդ մահապատիժն է իրագործվել: 500-րդ մահապատժի իրագործման նախօրեին մահապատիժներին դեմ հանդես եկողները բողոքի ցույց են անցկացրել:
«Հոբելյանական» մահապատժի է ենթարկվել 52-ամյա Քիմբերլի Մաքքարթին: Մահապատիժը մահացու ներարկման եղանակով է կատարվել: 14 տարի առաջ Քիմբերլին մահապատժի էր դատապարտվել առանձնակի դաժանությամբ 71-ամյա հարեւանուհի, նախկին մանկավարժ Դորոթի Բուսին սպանելու համար: Սպանությունը կողոպուտի նպատակով էր կատարվել:
Սպանության համար մահապատժի դատապարտվելուց հետո եւս երկու սպանություններում նրա մասնակցության վկայություններ էին հայտնաբերվել, գրում է lenta.ru-ն:
Նախկինում աֆրոամերիկուհի ՄաքՔարթիի մահապատիժը երկու անգամ հետաձգվել էր դատավարության ընթացքում իբրեւ թե տեղ գտած ռասայական խտրականության մասին հայտարարությունների պատճառով: Սակայն կրկնակի դատավարության հասնելու փորձերը ապարդյուն էին անցել:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 1976թ.-ից ի վեր 1,3 հազարից ավելի մահապատժի դատավճիռ է կայացրել: Ընդ որում, կանանց դեպքում մահապատիժն ավելի հազվադեպ է կիրառվում: ՄաքՔարթին մահապատժի ենթարկված 13-րդ կինն էր:


























