ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում կազմակերպության ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ բուն հանդիպումը տեւել է մեկ ու կես ժամ: Զոհրաբյանը նաեւ հաղորդել է, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել` դրա մանրամասները չհրապարակելու վերաբերյալ: Հետեւաբար, Զոհրաբյանը զերծ է մնացել մանրամասները ներկայացնելուց:
Զոհրաբյանի խոսքով, հանդիպումից մի քանի օր առաջ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին նամակ է հղել` կապված օրակարգային հարցերի հետ, որոնք ադրբեջանական պատվիրակության հետ պետք էր քննարկել այդ ձեւաչափում: «Մենք ի սկզբանե բացառել ենք այն հարցերի քննարկումը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների իրավասությունների մեջ են մտնում: Այսինքն, ի սկզբանե պարզ էր, որ ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու մանդատ չուներ»,-ասել է նա:
Նաիրա Զոհրաբյանը հավելել է, որ հայկական պատվիրակությունը առաջարկել է այնպիսի հարցեր, որոնց քննարկումը ընդունելի է ԵԽԽՎ ձեւաչափում. «Մասնավորապես, հարցերը վերաբերում էին Ադրբեջանի կողմից ատելության եւ քսենոֆոբիայի քարոզմանը, ինչպես նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Եթե այս հարթակի շրջանակներում հնարավոր լինի հասնել նմանատիպ հարցերի գոնե նվազագույն լուծման, ապա հետագայում նման հանդիպումների անցկացման իմաստը հասկանալի կլինի»:
Նա նաեւ հույս է հայտնել, որ երկրորդ հանդիպման ժամանակ` ԵԽԽՎ արդեն աշնանային նստաշրջանին, կողմերն առավել մանրամասնորեն եւ հստակորեն կներկայացնեն այն քայլերը, որոնք թույլ կտան հասնելու վերոհիշյալ խնդիրների լուծմանը: «Մեր պատվիրակությունը Երեւան վերադառնալուց անմիջապես հետո կմշակի իր քայլերը, որոնք հնարավոր կլինի առաջարկել` համատեղ օրակարգ ձեւավորելու: Պարզ է մի բան, որ այն հարցերը, որոնցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, չպետք է քննարկվեն այս հարթակում: Նմանատիպ յուրաքանչյուր քննարկում մեզ փակուղի կմտցնի»,-եզրափակել է Զոհրաբյանը:





























