Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունիսի 27-ին Երեւանում Ն. Բորդյուժայի Հայաստան այցի ամփոփիչ արձանագրություն են ստորագրել:
Ստորագրման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ այսօր կայացել է շահագրգիռ գերատեսչությունների եւ նախարարությունների ընդլայնված խորհրդակցություն: Արձանագրությունը ներառում է 20 կետ, գործունեության 20 ուղղություններ եւ կիրագործվի ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ համատեղ:
Միջոցառումներ են նախատեսված ինչպես երկկողմ, այնպես էլ կազմակերպության այլ երկրների մասնակցության ձեւաչափով: Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է նաեւ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծմանը եւ հատուկ գործողությունների անցկացման ուժերին, ԱԱՀՈՒ-ին նոր տեխնիկայով զինելուն, կազմակերպության անդամ երկրների իրավասու մարմիններին համակարգելու մեխանիզմներին:
Իր հերթին Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ բավարարված է բանակցությունների արդյունքներից եւ ընդգծել, որ նախկինում ծրագրված բոլոր միջոցառումները, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը եւ Կովկասում անվտանգության համակարգի ստեղծմանը, կատարվում են, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում եւ հստակ մարտահրավերներին հակազդելու բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
«Այս տարի բավական թվով միջոցառումներ են ծրագրվում: Հայաստանում նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպումը, որտեղ կքննարկվի Կովկասի իրավիճակը», - հայտնել է Նիկոլայ Բորդյուժան: Ներքին Տագիլում Հայաստանի ԱԽ քարտուղարի մասնակցությամբ կկայանա ռազմատեխնիկական համագործակցության, սպառազինության գնման գործընթացի պարզեցման, ռազմատնտեսական համագործակցության խնդիրների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերի շուրջ խորհրդակցություն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























