Կոլեկտիվ օդուժը կնպաստի ազգային զինված խմբավորումների գործունեությանը` ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Երեւանում հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը ասել է, որ նախագահների վերջին որոշումների շրջանակներում միավորվում են բոլոր գոյություն ունեցող բաղադրիչները, դրան ավելանում են նաեւ հատուկ գործողությունների իրականացման եւ կոլեկտիվ ավիացիոն ուժերը: «Դրանք բաղկացած են ազգային զինված ուժերի առանձնացված ստորաբաժանումներից եւ կոչված են, նախ եւ առաջ, ապահովելու այս կամ այն տարածաշրջանում օպերացիայի անցկացման անհրաժեշտության  դեպքում ստորաբաժանումների տեղափոխումը: Երկրորդ` ապահովել Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի կողմից իրականացվող գործողությունների ռազմական աջակցությունը»,-ընդգծել է Բորդյուժան:

Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` քննարկվում է նաեւ Գյումրիում ռուսական ավիաբազայի արդիականացման հարցը` «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության հետ համատեղ: «Կարդիականացվեն ու կվերազինվեն ՀՕՊ համակարգը, 102-րդ բազան, Ռուսաստանի սահմանապահ զորքերը: Այս եւ հաջորդ տարիները շատ կարեւոր են լինելու` վերազինման տեսանկյունից»,-ընդգծել է Արթուր Բաղդասարյանը: