Էկվադորը թույլ է տվել Սնոուդենին մուտք գործել իր տարածք: Երկրի իշխանությունները ամերիկացուն են փոխանցել փաստաթղթեր, որոնք նրան նման իրավունք են տալիս:

Ինչպես հաղորդում է Univision հեռուստաալիքը, փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 22-ին` Լոնդոնում Էկվադորի հյուպատոսի կողմից: Այս փաստաթուղթը անհրաժեշտ կլինի ԿՀՎ նախկին աշխատակցին` նախքան Էկվադոր հասնելը երկու պետությունների տարածքով անցնելու համար, փոխանցում է ՆՏՎ-ն:

Ավելի վաղ Էկվադորի ԱԳ նախարարը հաղորդել էր, որ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշում առայժմ չի կայացվել:

Ներկայումս Սնոուդենը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տրանզիտային գոտում է: Նա Ռուսաստան է ժամանել Հոնկոնգից: Ամերիկացին չի կարողանում հեռանալ օդանավակայանից, քանի որ Նահանգների իշխանությունները նրա անձնագիրն անվավեր են հայտարարել: