ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել  պատասխան քայլ կատարել եւ Վրաստանի նկատմամբ ուժ չկիրառելու  պարտավորություն ստանձնել: Այդ մասին նա հայտնել է հունիսի 27-ին՝ Թբիլիսիի Ազգային գրադարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում: 

«ՆԱՏՕ-ն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝  միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Նոր իշխանությունն էլ ավելի է նպաստում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախկին իշխանությունների ջանքերին, եւ ՆԱՏՕ-ն ողջունում է այդ քայլերը: Մենք ողջունում ենք  ուժ չկիրառելու մասին Վրաստանի ստանձնած պարտավորությունը: Մենք Ռուսաստանին կոչ ենք  անում  պատասխան քայլ կատարել», - հայտարարել է Ռասմուսենը, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:

Ռասմուսենն անդրադարձել է նաեւ Վրաստանի եւ Հարավային Օսիայի սահմանին  անցկացրած փշալարի հարցին: «Մենք համաձայն ենք փշալար անցկացնելու առթիվ Վրաստանի արտահայտած զայրույթին: Նման քայլերը հակասում են միջազգային իրավունքին եւ հրադադարի վերաբերյալ պայմանագրին (2008թ. օգոստոսի 12),  խոչընդոտում են ազատ տեղաշարժմանը եւ կարող են լարվածություն առաջացնել», - նշել է Ռասմուսենը:

Նշենք, որ նախօրեին Ժնեւում Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ երկխոսությունների հերթական փուլի ավարտից հետո ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտնել էր, որ Վրաստանի իշխանությունների պահանջները Հարավային Օսիայի ռուս սահմանապահների նկատմամբ անընդունելի են:  Ըստ Կարասինի՝ վրաց պատվիրակությունն աշխատանքի շարունակումը կրկին  պայմանավորել է Վրաստանի նկատմամբ ուժ չկիրառելու վերաբերյալ Ռուսաստանի կողմից միակողմանի հայտարարություն անելու պահանջով, սակայն Մոսկվան իրեն հակամարտող կողմ չի համարում եւ այդ պատճառով էլ վճռականորեն  հրաժարվում է Թբիլիսիի հետ նման համաձայնագիր կնքելուց:

Ռասմուսենը ՆԱՏՕ-ի խորհրդի պատվիրակության հետ Վրաստան էր ժամանել հունիսի 26-ին՝ երկօրյա պաշտոնական այցով: