Սիրիական խնդիրը ռազմական լուծում չունի: Այս մասին, այսօր՝ Երեւանում, հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Չափազանց մտահոգված եմ, որ որոշ պետություններ աջակցում են ընդդիմության զինված ջոկատներին, որոնց կազմում են նաեւ ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպություններ: Ցավոք, այսօր ընդդիմության կողքին են ամբողջ աշխարհի ահաբեկչական ինտերնացիոնալի ներկայացուցիչներ»,-ընդգծել է Բորդյուժան, հավելելով, որ Սիրիայում կռվում են նաեւ ԱՊՀ երկրների հարյուրավոր քաղաքացիներ: «Անկեղծ ասած, ցնցված եմ կանիբալիզմի դեպքերի նկատմամբ միջազգային հանրության նման պասիվ արձագանքից: Կարծում եմ, որ գոնե այս փաստերը պետք է ստիպեն վերագնահատել այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, այն աջակցությունը, որն ընդդիմությունն այսօր ստանում է որոշ պետություններից: Արդեն չեմ էլ խոսում այն մասին, որ անթույլատրելի է ընդդիմությանը, որի կազմում հիմնականում ահաբեկիչներ են, զենքի ու սպառազինության մատակարարումը»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ Սիրիայում կռվող ԱՊՀ քաղաքացիները պատրաստություն են անցնում Աֆղանստանում ահաբեկիչների համար նախատեսված ճամբարներում, ինչից հետո նրանց մի մասը մնում է այնտեղ «փորձառություն ստանալու» ՆԱՏՕ-ի ուժերի դեմ պայքարում: Մյուս մասն էլ կռվում է Սիրիայում կամ փորձում է ահաբեկչական գործունեություն ծավալել, այդ թվում` ՀԱՊԿ տարածքներում: Որպես օրինակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է վերջերս Մերձմոսկվայում չեզոքացված խումբը:




























