Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի դուստր Մարիա Գաբրիելան ստացել է նրան հետմահու շնորհված լրագրության ոլորտում Սիմոն Բոլիվարի անվան ազգային մրցանակը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր այդ մրցանակներն ամեն տարի շնորհող հիմնադրամը, Չավեսի արժանիքն այն է, որ նա «ամբողջ աշխարհի հալածվածներին վերադարձրեց խոսքի իրավունքը»:
13 տարի շարունակ Չավեսը վարել է «Ալլո, նախագահ» հեռուստահաղորդումը, ընդհանուր առմամբ, անցկացնելով 378 կիրակնօրյա հեռուստամարաթոն եւ ժամերով խոսելով արդիական թեմաներից ու հեռախոսազանգեր ընդունելով երկրի զանազան ծայրերից: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սկզբում հաղորդումը հեռարձակվել է ռադիոյով, սակայն Չավեսը միշտ էլ նախընտրել է հեռուստաեթերը: Հեռուստահաղորդումը ցուցադրվել է Վենեսուելայի 259 բնակավայրերում: Հաշվարկվել է, որ Չավեսն իր սիրելի քաղաքական շոուի ընթացքում եթերում է եղել 1656 ժամ:





























