Հայաստանը դրական է վերաբերվում Ղազախստանի նախաձեռնություններին ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Ղազախստանի կողմից արված հայտարարություններին եւ ցանկությանը՝ աջակցել Մինսկի գործընթացին, Մինսկի խմբի համանախագահներին եւ կողմերին` որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, միանգամայն, դրական եմ վերաբերվում։ Եւ իհարկե,պետք է նկատի ունենանք, որ, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, Ղազախստանը նաեւ մեր դաշնակիցն է», — ասել է Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը հայտարարել էր, թե Ղազախստանը մտադիր է ավելի ակտիվ դեր կատարել սառեցված հակամարտությունների լուծման գործում, իսկ նախագահ Նազարբաեւն անգամ առաջարկություններ է ներկայացրել հակամարտող կողմերին: