Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 6-ին ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է, եւ երեկ Երևանում կայացել է նրա ղեկավարած «The No Smoking Orchestra» խմբի համերգը: Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ռեժիսորին ասել է. «Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, եւ Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին»"
Էմիր Կուստուրիցան նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները: «Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, եւ ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս` արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,- ընդգծել է աշխարհահռչակ կինոռեժիսորը:
Էմիր Կուստուրիցան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նաեւ իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա միաժամանակ ասել է. որ կգործադրի հնարավոր ջանքերը` աջակցելու հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:



























