Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում 2012 թ. ստուգումներ է կատարել 2 ուղղություններով՝ կենսաթոշակների ու նպաստների օգտագործում եւ տարեցների ու երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ կենսաթոշակների ու նպաստների ոլորտում ստուգումները նոր չեն, սակայն այս անգամ իրականացվել են նաեւ վերլուծության միջոցով: Ըստ նախարարի՝ ՎՊ-ն փաստել է, որ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ներդրվել է նոր կենսաթոշակային տեղեկատվական շտեմարան: Այն հնարավորություն է տվել ճշտել կենսաթոշակառուների թիվը՝ նվազեցնելով 2011 թ. 10,6 հազարով, 2012 թ.՝ 2000-ով; 2011 թ. խնայվել է 10,5 մլրդ դրամ, 2012 թ.՝ 2,5 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է գնումների գործընթացին՝ ապա ստուգվել են 3 տուն-ինտերնատներ եւ 5 գիշերօթիկ հաստատություններ: Ըստ Ա. Ասատրյանի՝ արձանագրվել են բացառապես ընթացակարգային խախտումներ, որոնք վերաբերում են պայմանագրերի կնքման գործընթացին, ժամկետներին: Խնամքի կազմակերպման ոլորտում, ըստ նախարարի, առկա են նորմատիվ ակտերի տարընթերցումներ: Այսինքն՝ գիշերօթիկ հաստատություններում անձանց ընդունելության, դուրս գրման, խնամքի կազմակերպման հարցերում առկա են օրենսդրական կարգավորման բացթողումներ: Օրինակ՝ մարդը ընդունվում է գիշերօթիկ հաստատություն որպես հաշմանդամ, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշմանդամության ժամկետն ավարտվում է: Պե՞տք է արդյոք նրան դուրս հանել ինտերնատից՝ իրավական դաշտը այս հարցը չի կարգավորում, այնինչ վերահսկիչ պալատը դա դիտարկել է որպես խախտում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























