«Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը գրավոր հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե վերջին անգամ երբ են հիմնանորոգվել կամ վերանորոգվել Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաները:
«Բարեւ Երեւան» դաշինքից հայտնում են, որ Անահիտ Բախշյանը խնդրել է հայտնել նաեւ, թե որ կազմակերպություններն են հաղթել այդ ժամանակ, որ կազմակերպությունների հետ է կնքվել պայմանագիր ներկայիս հիմնանորոգման համար, վերանորոգման կամ հիմնանորոգման համար պատասխանատվություն կրող կազմակերպությունները նախկինում կատարել են իրենց երաշխիքային պարտավորությունները, որ կազմակերպություններն են իրականացրել տվյալ պողոտաների ասֆալտապատման ծավալն ու որակը վերահսկելու գործընթացը, ինչ պարտավորություններ են ստանձնել նրանք:
Ինչպես նշված է նամակում՝ հուլիսի 1-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարարել է, որ վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները նույնպես մրցույթով են ընտրվում:
Տիկին Բախշյանը խնդրել է տրամադրել նաեւ պողոտաների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել:





























