Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման տենդեր դեռեւս չի hայտարարվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է «Ավտոճանապարհներ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հենրիխ Քոչինյանը:
Նրա խոսքով` ճանապարհի վնասված հատվածում իրավիճակը կայուն է: Կազմակերպության տնօրենը նաեւ ընդգծել է, որ տենդերի անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի կառավարությունը համապատասխան որոշում կայացնի եւ գումար տրամադրի:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, որ վերոհիշյալ ճանապարհի 112-րդ կիլոմետրին` Քարագլուխ գյուղի մոտ, գարնանային հորդառատ անձրեւների հետեւանքով ճանապարհի լանջը փլուզվել է, ինչի արդյունքում երթեւեկությունը խիստ սահմանափակ է: Տվյալ հատվածում երթեւեկել թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաներին: Բեռնատարների երթեւեկությունը արգելված է` հետագա փլուզումներից խուսափելու համար: Մասնագետներն ուսումնասիրել են ճանապարհի վիճակը, որոշվել է վթարայնության մակարդակը, իրականացվել են նախագծման աշխատանքներ, ճշտվել է վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափը: Այս խնդրի լուծման համար նախարարությունը դիմել է կառավարությանը` տենդերի անցկացման ժամկետները առավելագույնս կրճատելու: Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, շինարարական ընկերության ընտրությունից հետո, կպահանջվի առնվազն 15-20 օր:





























