Ֆրանսիայի կառավարությունը 26 մլն եվրոյի վարկի շրջանակում 13մլն եվրո կհատկացնի Երեւանի կենսաբանական ջրամաքրման կայանի վերանորգման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Երեւան ջուր» ընկերության պայմանագրերի կառավարման եւ իրավական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանը:
Կոլեկտորների նորոգման եւ SCADA տեղեկատվական համակարգի ընդլայնման աշխատանքներն արդեն իրականացված են, եւ հնարավորություն են ընձեռում իրական ժամանակի ռեժիմում հետեւել ջրամատակարարման ցանցի հիմնական հանգույցների վիճակին: Ծրագրվում է նաեւ շարունակել սեփական տների բաժանարար դիտահորերի կառուցման աշխատանքները: «Դա թույլ կտա սահմանազատել ենթակառուցվածքների նկատմամբ պատասխանատվությունը բաժանորդի եւ օպերատորի միջեւ»,-պարզաբանեց Մալխասյանը` ավելացնելով, որ բազմաբնակարան շենքերի առումով խնդիրը լուծված է:
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2008 թ. մայիսին: Այն ժամանակ տրամադրվող գումարի չափն արձանագրվել էր 24,9 մլն եվրո, որից 500 հազարը` որպես տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Տեխնիկական աջակցությունն իրականացվել է, սակայն վարկը դեռ չի տրամադրվել: «Մենք պատրաստ ենք մասնակցել աշխատանքներին, հենց որ Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ բոլոր հարցերը կարգավորվեն, քանի որ վարկառուն կառավարությունն է, ոչ թե մենք: Հույս ունենք, որ գումարի տրամադրման մեկնարկի մասին համաձայնագիրը կլինի մինչեւ տարեվերջ»,-նշեց Մալխասյանը:





























