ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կենտրոնակայանում մասնակցել է Smart Customs («Խելացի մաքսատուն») ծրագրի գլոբալ միջոցառմանը։ Բացման նիստում հանդես գալով որպես գլխավոր զեկուցող՝ ներկայացրել է Հայաստանի մաքսային վարչարարության տեխնոլոգիական վերափոխման տեսլականն ու նախաձեռնությունները։
ՊԵԿ–ից NEWS.am—ին հայտնում են, որ միջոցառման բացման նիստում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով Հայաստանի հարկային և մաքսային վարչարարության թվային վերափոխման տեսլականը, «Խելացի սահման» ծրագրի ուղղությունները, էլեկտրոնային առևտրի կառավարման և արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կիրառման նախաձեռնությունները։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է Հայաստանի մաքսային վարչարարության տեխնոլոգիական վերափոխման հիմնական նախաձեռնությունները՝ կարևորելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառումը ռիսկերի գնահատման, ռենտգենյան պատկերների վերլուծության, անոմալիաների բացահայտման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել «Խելացի սահման» ծրագրին, որը նախատեսում է սահմանային անցման կետերի միասնական էլեկտրոնային հարթակի, բեռների նախնական տեղեկատվության և բեռնատարների էլեկտրոնային հերթերի կառավարման համակարգերի ներդրում։ Նախատեսվում են նաև առանց կանգառի կշռում, արհեստական բանականությամբ համալրված ռենտգենյան զննում, տարանցիկ փոխադրումների էլեկտրոնային կապարակնիքներ և ռիսկերի բացակայության դեպքում՝ ապրանքների հեռավար բացթողում։
Էլեկտրոնային առևտրի ոլորտում նշվել է, որ երրորդ երկրներից Հայաստան սուրհանդակային առաքանիների թիվը 2022 թվականի 1,8 միլիոնից 2025 թվականին հասել է 6,9 միլիոնի։ Այս աճին արձագանքելու նպատակով ներկայացվել են հատուկ մաքսային հայտարարագրի, առևտրային հարթակներից ապրանքների արժեքի վերաբերյալ տվյալների ստացման և առևտրային ներմուծման ռիսկերի բացահայտման նախաձեռնությունները։
ՊԵԿ նախագահը կարևորել է նաև արհեստական բանականության կիրառման պատասխանատու մոտեցումները՝ տվյալների պաշտպանությունը և շարունակական վերահսկումը։ Նա հայտնել է ՀՄԿ-ի՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման պատրաստվածության ինքնագնահատման գործիքը կիրառելու և արդյունքներով անդամ երկրների հետ կիսվելու մտադրությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության և մասնագիտական կարողությունների զարգացման նշանակությունը։

Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագիրն իրականացվում է Չինաստանի մաքսային համագործակցության հիմնադրամի՝ CCF-China-ի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցելու մաքսային ծառայություններին առաջադեմ տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, բլոկչեյնի և այլ նորարարական լուծումների ուսումնասիրման ու կիրառման հարցում՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և օրինական առևտրի դյուրացման համար։
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են տեխնոլոգիաների ներդրման գործնական, իրավական, կազմակերպական և տեխնիկական հարցերը, անդամ երկրների կարիքներն ու փորձը։ Տարածաշրջանային և համաշխարհային միջոցառումների, ազգային փորձի ուսումնասիրությունների և համայնքային առցանց հարթակի միջոցով խթանվում են գիտելիքների փոխանակումն ու մաքսային ծառայությունների համագործակցությունը։ Ծրագրի արդյունքներից է առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ ՀՄԿ ուսումնասիրության թարմացումը՝ հիմնվելով 2022 թվականին հրապարակված ՀՄԿ/ԱՀԿ համատեղ զեկույցի վրա։
Բրյուսելում՝ ՀՄԿ կենտրոնակայանում, կազմակերպված Smart Customs համաշխարհային միջոցառումը նվիրված է ծրագրի արդյունքների ամփոփմանը, թարմացված ուսումնասիրության ներկայացմանը և մաքսային ոլորտում տեխնոլոգիաների կիրառման հետագա հնարավորությունների քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցում են մաքսային ծառայությունների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։




























