Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի հավատում «օֆշորային սկանդալին» եւ այդ հարցը ՀՀԿ-ում չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Նա նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ խոսել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, վերջինս ասել է, որ նման բան չկա, իսկ ԱԺ նախագահը հավատում է նրան։
Հարցին, թե այսինքն Կիպրոսի դատախա՞զն է ստում, ԱԺ նախագահը պատասխանեց, որ չի կարող ասել որեւէ մեկի ստի մասին, Կիպրոսի գլխավոր դատախազի ասածին մամուլն անդրադարձել է. «Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ ասեմ»։
«Պարոն վարչապետը դիմել էր դատախազություն, որպեսզի ճշտվի։ Ես հարցրել եմ վարչապետին, ասել է նման բան չկա։ Ես իրականությանն եմ հավատում, երբ պատկան մարմինները տան գնահատական, մենք կհավատանք»,- ասաց նա։
Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց նաեւ իր եւ վարչապետի «լարված հարաբերությունների» մասին խոսակցությունները: Նա նշեց, որ դրանք ըստ մամուլի տեղեկությունների են լարված, իսկ իրականում այդպիսին չեն։ «Ես եւ վարչապետը ընկերներ ենք աշխատանքային եւ կուսակցական»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ձեզ միասին չենք տեսնում, ԱԺ նախագահը կատակեց՝ ասելով, թե «կազմակերպենք, տեսնեք միասին, եթե դա ինչ-որ բան կփոխի»։





























