UNASUR-ի երկրների առաջնորդները Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի կառավարություններից ներողություն են պահանջել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի հետ կապված միջադեպի համար:

Հանդիպման մասնակիցները քննադատում են հիմնարար նորմերի, միջազգային իրավունքի սկզբունքների եւ պետության ղեկավարների անձեռնմխելիության սկզբունքների խախտումները, ասված է հանդիպման հռչակագրում: Մասնակիցները նաեւ ՄԱԿ-ից եւ այլ միջազգային կազմակերպություններից պահանջում են համապատասխան հայտարարություններ անել, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:  UNASUR –ի ներկայացուցիչները պայմանավորվել են նաեւ հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որում կընդգրկվեն  այդ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար: 

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում կայացած հանդիպումը տեղի է ունեցել Արգենտինայի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Սուրինամի, Ուրուգվայի եւ Էկվադորի ղեկավարների մասնակցությամբ: Բրազիլիան ուղարկել էր արտգործնախարարի տեղակալին: Պերուի, Չիլիի եւ Կոլումբիայի ղեկավարները հանդիպմանը չէին եկել: Պարագվայը, որին UNASUR-ից կրճատել էին  2012թ., դեռ չի վերականգնել իր անդամակցությունը: 

Հանդիպմանը ելույթ ունեցող բոլոր պետությունների ղեկավարները եվրոպական երկրներից պահանջել են ներողություն խնդրել, իսկ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտնել է, որ եթե նման բան տեղի ունենար եվրոպացի առաջնորդի կամ ԱՄՆ-ի նախագահի հետ, դա կդիտվեր որպես պատերազմի պատրվակ: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը նախազգուշացրել է, որ կարող է փակել ԱՄՆ-ի դեսպանատունը, որի իշխանություններին  մեղադրում է եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի գիշերը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Վիեննայի օդանավակայանում, քանի որ Ֆրանսիան եւ Պորտուգալիան փակել էին իրենց օդային տարածքը: Բոլիվիայի նախագահի օդանավում փնտրել էին ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին: