ԱՄՆ-ի Անկախության 237-րդ տարեդարձն անցել է էլեկտրոնային լրտեսումների դեմ բողոքի ցույցի ուղեկցությամբ:

 «Վերականգնեք չորրորդը» կարգախոսով հուլիսի 4-ին ցույցեր են կազմակերպվել ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում: Նկատի ունեն ԱՄՆ-ի Սահմանադրության չորրորդ փոփոխությունը, որն արգելում է անհիմն խուզարկությունները, հետապնդումները եւ ամերիկացիների փաստաթղթերի կամ սեփական գույքի բռնագրավումը:

Ցույցերն այնքան էլ բազմամարդ չեն եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վաշինգտոնում եւ Նյու Յորքում հավաքվել է 400 մարդ, Սան Ֆրանցիսկոյում` երեք հարյուր: Սակայն ցույցին սատարել են նաեւ մի քանի համացանցային ընկերություններ, այդ թվում՝ Mozilla Foundation-ը:

Միանգամայն այլ կերպ են նշել Անկախության տոնը Սպիտակ տանը: «Մեր երկրի հզորությունը ոչ թե մեծության կամ բարեկեցության մեջ է, այլ՝արժեքների եւ գաղափարների, եւ հանուն դրանց պայքարելու պատրաստակամության», - ասել է Բարաք Օբաման` ելույթ ունենալով  հավաքված զինծառայողների եւ նրանց ընտանիքների առաջ: 

Տոնակատարությունների շրջանակում տեղի է ունեցել նաեւ ամենամյա շքերթ եւ համերգ` ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ: Մայրաքաղաքում Անկախության տոնն ամփոփվել է 17 րոպեանոց շքեղ հրավառությամբ: