ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ԿՀՎ-ի նախկին գործակալ, գաղտնի տեղեկություններ հրապարակած Էդվարդ Սնոուդենը ԱԱԳ-ում աշխատելիս հաքերություն է սովորել:

2010թ.  Սնոուդենը ԱԱԳ-ի գործակալների համար կազմակերպված դասընթացի է մասնակցել, որի ընթացքում նրանց սովորեցրել են մտածել հաքերների նման եւ հասկանալ նրանց հմտությունները: Դա արվել է, որպեսզի աշխատակիցները  դառնային «հավաստագրված հաքերներ», որոնք կկարողանային ավելի լավ պաշտպանել հատուկ ծառայության կայքերը, գրում է New York Times-ը:

Փորձագետները կարծում են, որ ԱԱԳ-ի կրթական ծրագիրը Սնոուդենին  համակարգչային ծրագրեր կոտրելու եւ գաղտնի տեղեկություններ հավաքելու հմտություններ է սովորեցրել, ինչն էլ հետո Սնոուդենը հրապարակել է լրատվամիջոցներում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ թերթի` ապրիլին Սնոուդենը աշխատանքի էր անցել  ԱԱԳ-ի Հավայան կղզիների մասնաճյուղում` որպես «ենթակառուցվածքային վերլուծաբան»: Նրան հասանելի են եղել մի շարք երկրների համակարգիչներ, որոնք կոտրվել էին հատուկ ծառայության կողմից: