Հայաստանի ԱԺ-ում, հուլիսի 4-ին, սկանդալային հակահայ հայտարարություններով հանդես եկած Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Երեւան գալուց 2 շաբաթ առաջ եղել է Բաքվում: Այսօր տարածվել են նրա Facebook-ի էջի լուսանկարներն ու գրառումները, որտեղ «անկաշառ» փաստաբանն իր սերն է արտահայտում Ադրբեջանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, Հայաստանի ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Աուրելիա Գրիգորիուն մասնավորապես, հայտարարել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Նա նաեւ նշել է, որ Խոջալուի «ցեղասպանությունն» իրականացրել են հայերը, որն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է:

Նրա ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նշելով. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն»:

Այսօր արդեն նրա ֆեյսբուքյան էջի լուսանկարների ու գրառումների մի մասը ջնջված է նրա էջից: