«Վալլեքս» ընկերությունն արգելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածք մտնել նույնիսկ Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներին, որոնք արածեցնում են նախիրը եւ ստիպված են դրա համար անցնել «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքով (մտնում է Վալլեքս խմբի ընկերությունների մեջ):
Ինչպես «ԷկոԼուրին» հաղորդում են տեղի աղբյուրները, արգելափակոցները, որոնք 6 տարի բաց են եղել բնակիչների համար, փակվել են: «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ բանակցությունները որեւէ արդյունքի չեն հանգեցրել: «Ընկերությունը մեզ վրա ուշադրություն չի դարձնում, մինչեւ վերեւից ինչ-որ մեկը չխառնվի»,- ասել են բնակիչները: Արդյունքում նրանք փակել են Թեղուտից հանքավայր տանող ճանապարհը:
Բանակցություններն, այնուամենայնիվ, կայացել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի ժամանումից հետո: Բայց ճանապարհն այդպես էլ չեն բացել: Ընկերությունն ասել է միայն, որ բնակիչների համար հատուկ խոչընդոտներ չեն լինի: Կտրվեն անցաթղթեր, որոնք թույլ կտան նրանց գնալ արոտավայրեր հանքավայրի միջով:
Մարդիկ ասում են, որ ընկերությունը պարտավոր էր շրջանցիկ ճանապարհ կառուցել, որով նրանք կկարողանային հանգիստ գնալ դեպի արոտավայրեր, բայց դա չի արել: «Եթե նրանք ուզում են ամեն ինչ թաքցնել, ինչ անում են, կամ ինչ պիտի անեն, բայց չեն անում, ապա ճանապարհը չեն կառուցի, քանի որ ճանապարհից կերեւա, թե ինչ է արվում Թեղուտի հանքավայրում»,-կարծում են բնակիչները:





























