Հուլիսի 8-9-ը Երեւանում տեղի կունենա հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որի համանախագահներն են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին նախատեսվում է փորձագիտական խմբի հանդիպում, իսկ հուլիսի 9-ին` հանձնաժողովի նիստ:
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը:
Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակն է՝ նպաստել երկու երկրների կառավարությունների միջեւ երկարաժամկետ եւ տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում, ինչպես նաեւ առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ:
Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում:
Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքներ են իրականացվում սերմացուի եւ տնկանյութի փոխադարձ ներկրումներ իրականացնելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Հայկական միրգ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են նաեւ Ռումինիայից Հայաստան սալորի նոր սորտեր ներկրելու հնարավորությունները:
Ակտիվ համագործակցություն է իրականացվում երկու երկրների մշակութային ոլորտում: Բուխարեստի Հայ մշակութային կենտրոնում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան եւ հայ գրատպության 500-ամյակին:
Համագործակցություն է ստեղծվել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ, ներկայացվել են ՀՀ ներդրումային հնարավորությունները։





























